slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Ռուբեն Աղուզումցյանի և Յուրի Չեռնովի համատեղ զեկույցը մեծ արձագանք է ստացել գիտական միջավայրում

News_Image

ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հոգեբանական փորձաքննությունների բաժնի փորձագետները՝ բաժնի պետ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 10-ին Երևանի պետական համալսարանում մասնակցել են «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային 10-րդ գիտաժողովին։
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի, ԵՊՀ հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի և «Հայաստանի հոգեբանների միություն» մասնագիտական ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպված եռօրյա գիտաժողովին մասնակցում էին աշխարհի 10 երկրների ավելի քան 50 առաջատար գիտնականներ, այդ թվում՝ Բյուրոյի գործընկեր՝ Շվեյցարիայի ձեռագրաբանական գիտությունների ինստիտուտի (IHS) գիտական գծով տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Յուրի Չեռնովը։
Միջազգային 10-րդ գիտաժողովը միտված էր հոգեբանության ոլորտի մասնագետներին իրազեկելու ժամանակակից հոգեբանության մարտահրավերների և արդի հիմնախնդիրների մասին, նպաստելու տարբեր երկրներում գործող հոգեբանական դպրոցների ներկայացուցիչների հետ փորձի փոխանակմանը, ինչպես նաև մասնագիտական ու գործակցային կապերի ընդլայնմանը։
Գիտաժողովի շրջանակում կազմակերպված պանելային քննարկման ընթացքում Շվեյցարիայի ձեռագրաբանական գիտությունների ինստիտուտի (IHS) գիտական գծով տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Յուրի Չեռնովը՝ Փորձաքննությունների ազգային բյուրոյի հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանի հետ համատեղ, ներկայացրել է «Դատական հոգեբանության մեջ անուղղակի գնահատման հետազոտություն. ձեռագրի վերլուծությունից ստացված տվյալներ» խորագրով զեկույցը, որը մեծ արձագանք է ստացել գիտական միջավայրում։
Հիշեցնենք, որ Փորձաքննությունների ազգային բյուրոն շարունակում է ակտիվ համագործակցությունը Շվեյցարիայի ձեռագրաբանական գիտությունների ինստիտուտի հետ։ Մասնավորապես, նախորդ շաբաթ Բյուրո կատարած այցի ընթացքում տեխնիկական գիտությունների դոկտոր Յուրի Չեռնովի և Բյուրոյի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Արգամ Հովսեփյանի միջև ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ ի թիվս հոգեբանական և ձեռագրաբանական փորձաքննությունների ուղղություններով իրականացվող համատեղ գիտահետազոտական ծրագրերի, Փորձաքննությունների ազգային բյուրոյի բազայում Շվեյցարիայի գործընկերների հետ համատեղ սկսելու նաև անձի հոգեբանական վիճակի պարզման նպատակով ձեռագրերի նմուշների համակարգային համալիր վերլուծությանն ու հետազոտական նոր մեթոդների մշակմանն ուղղված գիտահետազոտական աշխատանքների իրականացումը՝ արհեստական բանականության միջոցով բարելավված հատուկ ծրագրային մոդելների կիրառմամբ։
Համագործակցության նոր ուղղությունը կնպաստի ինչպես հեղինակավոր գիտական պարբերականներում հետազոտությունների լավագույն արդյունքների ներկայացմամբ փորձագետների առավել լայն ինտեգրմանը միջազգային գիտական միջավայրում, այնպես էլ հնարավորություն կընձեռի մշակել և ներդնել այս բնագավառներում հետազոտությունների նոր մեթոդական մոտեցումներ և գիտականորեն հիմնավորված ալգորիթմներ։

29 October 2025